3/28/2011

Իսպանիայի հայ դատի հանձնախմբի հայտարարությունը

parlamento
Մարտի 9-ին Իսպանիայի խորհրդարանը մերժել էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիրը, որը ներկայացրել էին Կատալունիայի անկախական և Բասկերի ազգայնական կուսակցությունները: Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբն այդ կապակցությամբ ներկայացնում է հետևյալ նկատառումները:

Երկրի նախագահ Ռոդրիգես Սապատերոն 2004 թ.-ին ՄԱԿ-ին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքը: Թուրքիան, որը միացել է այդ դաշինքին, ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, իր գործողություններով հակասում է դաշինքի ոգուն, նույնը` Իսպանիայի խորհրդարանը, մերժելով ընդունել վերոհիշյալ խնդրագիրը, փաստորեն, անվավեր է ճանաչում Քաղաքակրթությունների դաշինքը:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ կան այլ առաջնահերթություններ Հայաստանի հետ քաղաքական օրակարգում, Հայ Դատի հանձնախումբը մատնանշում է, որ խնդիրների մեծ մասը, որոնց բախվում է Հայաստանը, ուղղակիորեն կապված են Թուրքիայի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրի պատասխանատվությունից հրաժարվելու հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նույնպես կապված է այս հարցի հետ: Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը: Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, ինչը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, չի համաձայնում վավերացնել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանը, բացի այն, որ չի շտապում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, շարունակ ոչնչացնում է Նախիջևանի հայկական պատմամշակութային հուշարձանները:

Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Իսպանիան, այդպիսով, չի ընդունում Եվրախորդարանի դիրքորոշումը, որը 1987թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձր էր ընդունել:

Դատապարտելով մարդկության դեմ հանցագործությունները, ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսրորում` Եվրամիությունը հայտարարում է, որ դա ցանկացած երկրի ու կազմակերպության գերակայությունը պետք է լինի` անկախ գաղափարական և քաղաքական հայացքներից:

«Ժամանակը չի մեղմում հանցագործությունների լրջությունը, և յուրաքանչյուրի պարտականությունն է կանխել այն հայտարարությունները, որոնք արդարացնում են անպատժելիությունը: Մենք պատասխան չենք ուզում: Մենք պահանջում ենք պատմական արդարություն»,- ասվում է Իսպանիայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:



Աղբյուրը` lragir.am

0 comentarios:

Publicar un comentario