Ճակատագրի բերումով, հազարավոր հայեր բնակվում են Հայաստանի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու: Մեր մատաղ սերունդը ոչ միայն զրկված է հայկական դպրոց հաճախելու կենսական անհրաժեշտությունից, այլ նաև դարերի հարուստ պատմություն ունեցող ազգային և հոգևոր կուլտուրան մոտիկից ճանաչելու, զգալու և հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր կոթողներն այցելելու հնարավուրությունից:
Այս հանգամանքը, դժբախտաբար, պատճառ է դառնում, որ հայ երիտասարդը կամաց-կամաց հեռանում է իր ազգային ակունքներից և աստիճանաբար կորցնում իր ազգային ինքնությունը:
Սփուռքահայ համայնքները ամեն ինչ անում են այդ դառը իրականությունից խուսափելու և սերտ կապ պահպանելու հայրենիքի, հայ եկեղեցու, հայոց պատմության ու մշակույթի հետ:
Այդ նպատակին է ծառայում նաև Իսպանիայի տարբեր քաղաքներում մատուցվող Սուրբ Պատարագը:
Ծառայությունները իրականացնում է Իսպանիայում և Պորտուգալիյում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով սփռված են ամբողջ Իսպանիայով, առայժմ պատարագները մատուցվում են այն քաղաքներում, որտեղ մեծ թվով հայկական ընտանիքներ են ապրում:
Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին պատարագ է մատուցվում Բարսելանայի (Սանտա Կոլոմա) Ավագ եկեղեցում, երկրորդ կիրակին` Վալենսիա քաղաքում, երրորդ կիրակին` Մադրիդում և չորորդը` Ալիկանտեյում: Պատարագները մատուցվում են կաթոլիկ եկեղեցիներում:
Ինչպես ամեն ամիս, այնպես էլ անցած կիրակի`ապրիլի 3-ին, պատարագ մատուցվեց Բարսելոնայի (Սանտա Կոլոմա) Ավագ եկեղեցում:
Պատարագին մասնակցում էին նաև Կատալունիայի “Արարատ” հայկական միության կիրակնօրյա դպրոցի սաներից մի քանիսը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսում էին Սասուն վարդապետին և ուշադիր հետևում նրա ցուցումներին` խաչակնքելու համար: Անհնար էր չհուզվել, տեսնելով, թե փոքրիկները ինչպես են իրենց անվարժ ձեռքերով խաչակնքելու փորձ անում:
Պատարագի վերջում, Տեր Սասուն Զմրուխտյանը` սովորության համաձայն, պատարագի մասնակիցներին ծանոթացրեց դարերի պատմություն ունեցող Իսպանահայ գաղութի ստեղծման մանրամասներին:
Պարզվում է, որ առաջին հայերը Իսպանիա են եկել դեռևս 16 դարում: Դրանք հիմնականում մուսուլմանական երկրներում բնակվող հայ վաճառականներ են եղել, որոնք Ամերիկայի հայտնաբերումից հետո նոր հորիզոններ որոնելով հասել են մինչև Իսպանիա: Առևտրական գործունեությունը ընդարձակելով 17-րդ դարում ստեղծել են առաջին հայկական համայնքը :
Ըստ իսպանական աղբյուրների, հայերը մեծ հարգանք են ունեցել տեղի բնակչության շրջաններում:
Մինչև օրս պահպանվել են Կադիս քաղաքում կառուցած հայակական եկեղեցին` Հիսուս Նազովրեցի մատուռը (Capilla de JesúsNazareno) , Կադիսի գործող ծերանոցի շենքը, ամենաբարձր աշտարակ դիտակետը (Կադիսի տեսարժան վայրերից մեկը) և քաղաքապետարանի շենքը, որոնք , ըստ իսպանական աղբյուրների կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ։
Պատարագի մասնակիցները զարմանքով և մեծ հետաքրքրությամբ էին լսում տեր Սասունին, որը պատմությունն ավարտելով բոլորին հրավիրեց մասնակցել ս.թ մայիսի 1-ին Կադիս կազմակերպվող Ուխտագնացությանը:
Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, իմանալով նաև, որ դպրոց հաճախող երեխաներից ոչ մեկը կնքված չէ, առաջարկեց միավորվել և մեկ ընդհանուր ծառայությամբ կնքել բոլորին:
Առաջարկը մեծ հավանությամբ ընդունվեց բոլորի կողմից:
LosArmenos
0 comentarios:
Publicar un comentario